Խաղաղության օրակարգը պարտության օրակարգ չէ. Փաշինյան

ՀՀ վարչապետը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Խաղաղության օրակարգը պարտության օրակարգ չէ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

«Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ։ Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ դժվարին աշխատանքների արդյունքում այսօր իր համար արդեն տեսանելի է այն հանգրվանը, որը պետք է երաշխավորի արցախցիների կյանքն ու իրավունքները։

«Շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում և իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ։ Այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»,- ասել է Փաշինյանն Արցախի նախագահի հետ հանդիպմանը։

Վարապետը շեշտել է, որ աշխատանքի մի զգալի հատվածը վերաբերում է սոցիալ–տնտեսական ոլորտին, քանի որ արցախցին Արցախում ապրելու համար պետք է իր ապագան տեսնի այնտեղ։
Նշենք` ՀՀ վարչապետը ապրիլի 29-ին ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: