ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Իտալիայի առաջատար նավթագազային Eni խմբի ֆինանսական տնօրեն Ֆրանչեսկո Գատեին հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է պահպանել ռուսական բնական գազի գնման վերաբերյալ առկա պայմանագրային պայմանները, այդ պատճառով էլ ռուբլու հաշիվ չի բացել: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ansa լրատվական գործակալությանը։
«Ստացված գազի համար մենք կվճարենք պայմանագրի պայմաններին և միջազգային պատժամիջոցների տառին համապատասխան։ Պայմանագրի արժույթը և հաշիվ-ապրանքագրերը կլինեն եվրոյով, մենք ռուբլով հաշիվ չենք բացել»,- ասել է Գատեին։
2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքների շուրջ այսօր կայացած հանդիպմանը Eni-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը «վերլուծում է իրավիճակը` եվրոպական իշխանությունների և կառավարության հետ սերտ համակարգմամբ»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել է, որ Եվրամիության երկրների և ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցներ հաստատած այլ պետությունների համար բնական գազի մատակարարումների դիմաց վճարումը կանցնի ռուբլու` հաշվարկներում դոլար և եվրո օգտագործելուց հրաժարվելու նպատակով։ Այնուհետև նախագահը ստորագրել էր համապատասխան հրամանագիրը և հայտնել, որ եթե «ոչ բարեկամական» երկրները ապրիլի 1-ից չվճարեն ռուբլով, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Նոր սխեմայի համաձայն՝ «Գազպրոմբանկը» հատուկ արտարժութային և ռուբլու հաշիվներ կբացի գազի դիմաց արտասահմանյան գնորդների վճարման համար: Գնորդը կկարողանա առաջին հաշվին միջոցները փոխանցել այն արժույթով, որը նշված է «երկնագույն վառելիքի» մատակարարման պայմանագրում, բանկը այն կվաճառի Մոսբիրժայում, ինչից հետո ռուբլին կփոխանցվի գազի գնորդի հաշվին, և արդեն այդ հաշվից կիրականացվեն վճարումները գազի մատակարարին` «Գազպրոմին»։