Եկեք անկեղծ լինենք։ Վերջին օրերի ցույցերի ժամանակ հնչող պնդումը, թե վարչապետի միակ հենարանը ոստիկանությունն է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. հենարանները բազմաթիվ են և բազմատեսակ։ Բացի ոստիկանությունից, դա խորհրդարանական մեծամասնությունն է, նվիրյալ երկրպագուները, արտախորհրդարանական ընդդիմության այն մասը, որի առաջնորդների հետ պարբերաբար հանդիպում է երկրի ղեկավարը, և վերջապես՝ հանրության այն հատվածը, որն այս կամ այն չափով անկեղծորեն կիսում է վարչապետի մոտեցումները մասնավորապես Արցախի և Թուրքիայի հարցում։
Բայց սկսենք հենց ոստիկանությունից։ Նրա գործողություններում, իհարկե, լինում են ուժի անհամաչափ կիրառման տարրեր։ Փաստելով այս իրողությունը, Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը միաժամանակ հիշեցնում է՝ հայաստանցի իրավապահները ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու հարուստ փորձ ունեն։ Այսինքն՝ կարելի է ասել, որ ոստիկանը տարիներ շարունակ ոչ մի կերպ չի կարողացել ձերբազատվել այն համոզմունքից, որ, իհարկե, ինքը կոչված է պահպանելու հասարակական կարգը, բայց նաև անվերապահորեն պիտի պաշտպանի օրվա իշխանություններին՝ ինչ գնով ուզում է լինի։
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար եկեք ընդունենք, որ կառավարության դեմ բողոքի զանգվածային ակցիաներն էլ ոչ միշտ են լինում մաս-մաքուր։ Հենք թեկուզ հրատարակչություններից մեկի ղեկավարի վրա ձեռնարկած վերջին հարձակումը հիշեք։ Եվ, ընդհանրապես, ընդդիմության հանրահավաքների ու երթերի հայաստանյան հարուստ փորձը ցույց է տվել, որ երբեք էլ չի հաջողվել լիովին կանխել բոլոր սադրանքներն ու բացասական դրսևորումները։
Վարչապետի մյուս հենարանը նրա խորհրդարանական թիմն է։ Երևի չեք ժխտի, որ եթե ոստիկանը աղքատիկ աշխատավարձով պարզապես հրաման է կատարում, իշխանական պատգամավորը շատ կոնկրետ անձնական շահագրգռություն ունի՝ լիքը փող է ստանում։ Իհարկե, որոշ պատգամավորներ պնդում են, թե նախկինում իրենց եկամուտը մի երեք անգամ ավելին է եղել, բայց նայում ես նրանց կենսագրությունները` երրորդական չինովնիկ են աշխատել։ Իսկ ի՞նչ է, մենք չգիտե՞նք, թե շարքային պետական չինովնիկը որքան է ստանում։
Դրա համար էլ խորհրդարանական բարձր աշխատավարձի ու պատկառելի պարգևավճարի դիմաց կրծքով ու ատամներով են պաշտպանում նրան, ում շնորհիվ պառլամենտում են հայտնվել։ Չեն խորշում նույնիսկ հենց նիստերի դահլիճում ծեծկռտուք հրահրելուց։ Ախր կորցնելու բան ունեն։
Երրորդ հենարանը հավատարիմ երկրպագուներն են, որոնք վարչապետի պաշտպանությունն իրականացնում են հիմնականում սոցիալական ցանցերում։ Խոստովանենք՝ իրենց կազմակերպվածությամբ չեն զիջում հռոմեական լեգեոներներին. կուռ շարքերով են գրոհում ու ոչնչացնում ցանկացածին, ով կփորձի գոնե մի թեթև կասկածի տակ առնել իշխանությունների անսխալականությունը։
Հեռու չգնանք, ընդամենը կարդացեք նրանց սարսափելի մեկնաբանությունները։ Ամենաանմեղը սա է՝ ոչ մի մեղք էլ չուներ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի վարորդը, այո′, թեկուզ տասը անցորդի տակը գցեր, չպետք է կանգներ։ Կրկնում եմ՝ սա դեռ ամենաանմեղ մեկնաբանությունն է։ Մյուսներին անդրադառնալը պարզապես անհնար է։
Որքան էլ զարմանալի թվա, որոշ չափով իշխանությունների հենարանի դեր են կատարում նաև ընդդիմադիրները։ Այն ընդդիմադիրները, որոնք վերջին ընտրությունների ժամանակ չկարողացան մտնել խորհրդարան, փոխարենը պարբերաբար հանդիպում և հարցեր են քննարկում անձամբ վարչապետի հետ։ Շատ ճիշտ եք. այդ քաղաքական ուժերը ո′չ առանձնապես մեծ ազդեցություն ունեն, ո′չ էլ պատկառելի ընտրազանգված։ Ուղղակի նրանք շատ լավ հնարավորություն են տալիս իշխանության ներկայացուցիչներին համոզելու հանրությանը՝ ա′յ, տեսե′ք, հենց այսպիսին պետք է լինի պետության շահերով ապրող իսկական կառուցողական ընդդիմությունը։ Այնինչ նրանք, ովքեր կոկորդ են պատռում հրապարակներում, պարզապես իշխանության ձգտող արկածախնդիրներ են։
Մի′ գնացեք նրանց հետևից։
Հիմա տեսնո՞ւմ եք, թե քանի պատնեշ պիտի հաղթահարեն ընդդիմադիրներն իրենց նպատակը՝ իշխանափոխությունն իրականացնելու համար։ Բայց նույնիսկ այս բոլոր պաշտպանական շերտերը ճեղքելուց հետո նրանք ստիպված պիտի գործ ունենան հասարակության այն հատվածի հետ, որը պատրաստ է իշխանությանը պաշտպանել միանգամայն անշահախնդիր մղումներից ելնելով։ Այդ մարդիկ պարզապես համամիտ են իշխանությունների հնչեցրած առնվազն որոշ սկզբունքային դրույթների հետ և անկեղծ հարցեր են տալիս՝ ինչպե՞ս պիտի շարունակենք ապրել՝ թշնամական հարաբերություններ ունենալով հարևանների հետ, ինչպե՞ս պիտի ապահովենք արցախցիների անվտանգությունը, ովքե՞ր են մեր բարեկամները, և վերջապես ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի ապագան։ Ա′յ, եթե ընդդիմությունը կարողանա մարդկանց բավարարող պատասխաններ տալ նաև այս ոչ դյուրին հարցերին, պարզ կլինի՝ արդյոք իրատեսական է գլխավոր նպատակի՝ իշխանափոխության իրագործումը։