ՀՀ կառավարության շենքի մոտից 11 մարդու ոստիկանություն են տեղափոխել

2 մարդու ոստիկանություն են տարել զենք պահելու կասկածանքով, 9 մարդու՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջը չկատարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցներից 11-ին ոստիկանություն են տեղափոխել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Քաղաքացիներից 2-ը ոստիկանություն են բերվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, իսկ 9-ը՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջը չկատարելու համար»,- ասացին ոստիկանությունից:

Նշենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են ընթանում։ Ուսանողները բուհերում իրազեկման ակցիաներ են անում, իսկ ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչները՝ Հայաստանի կառավարության շենքի մոտ։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է` ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 24-ին մայրաքաղաքում առանձին ակցիաներ իրականացրին «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան մի խումբ երիտասարդներ շարունակեցին իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։ Հանրապետության հրապարակում ակցիա էին ցանկացել անել «Ազատագրական շարժման» անդամները, սակայն նրանց մի մասին ոստիկանները գրեթե անմիջապես բերման էին ենթարկել` ձեռքներին Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներ ունենալու համար։
Ապրիլի 29-ի առավոտյան մայրաքաղաքում բողոքի ակցիաները վերսկսվել են։