ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Եթե դոլարի օգտագործումը (որպես պահուստային արժույթ) սահմանափակվի, ԱՄՆ-ն կդադարի իր պարտքը բարդել աշխարհի ուսերին։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նման կարծիք է հայտնել Երևանում կայացած «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունը նոր իրականության պայմաններում» գիտաժողովում։
Բագրատյանը նշել է, որ համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՆ-ի բաժինը 1960-ականների սկզբից կազմել է շուրջ 40 տոկոս, այժմ՝ շուրջ 25 տոկոս, բայց դոլարով արտահայտված է Կենտրոնական բանկերի համաշխարհային արժութային պահուստների գրեթե երկու երրորդը: Սա թույլ է տալիս ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին կուտակել արտաքին պարտքն ու լղոզել այն արժույթի նոր թողարկմամբ։
Տնտեսագետը պարզաբանել է, որ նոր արժույթի թողարկմամբ արհեստականորեն արժեզրկվում է ԱՄՆ-ի պարտքը, ինչը նշանակում է, որ արժեզրկվում են այն վճարումները, որոնք մյուս երկրները ստանում են այդ պարտքով, նվազում է նաև այդ երկրների փոխանցած արտարժութային պահուստների արժեքը դոլարով։
Բագրատյանն ավելացրեց, որ ստացվում է՝ Միացյալ Նահանգներն իր ինքնիշխան ու կորպորատիվ պարտքն արտահանում է մնացած աշխարհ։
Հայաստանի նախկին վարչապետը նշեց, որ դա ԱՄՆ-ին թույլ է տալիս նաև պետական պարտատոմսեր թողարկել՝ ներկայիս գնաճից ցածր եկամտաբերությամբ (ԱՄՆ-ում այն աճել ու գրեթե հասել է 8 տոկոսի, պարտատոմսերի եկամտաբերությունը 3 տոկոսից պակաս է), ինչպես նաև զրոյին մոտ առանցքային տոկոսադրույք սահմանել (Եվրոպայում տնտեսությանը աջակցելու համար Կենտրոնական բանկերը ժամանակ առ ժամանակ կիրառում են նույնիսկ բացասական տոկոսադրույքներ, երբ Եվրոպական կենտրոնական բանկը ինքն է վճարում առևտրային բանկերին, որ դրանք իրենից փոխառություն վերցնեն)։
Բագրատյանն ամփոփել է՝ որքան ավելի շատ առևտուր լինի տարածաշրջանային արժույթներով, այնքան Կենտրոնական բանկերը ազգային պահուստները քիչ կպահեն դոլարով, և այնքան քիչ կարժեզրկվեն այդ պահուստները նշված քաղաքականության հաշվին։ Արդյունքում ամերիկացիներն ավելի քիչ հնարավորություններ կունենան մնացած աշխարհի հաշվին իրենց տնտեսության համար ջերմոցային պայմաններ ապահովելու համար։