ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Այսօր ժամը 15:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mercedes-Benz 190» մակնիշի ավտոմեքենան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz 190» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ մեկ ուղևոր տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Ford Transit» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և «Mercedes-Benz 190» մակնիշի ավտոմեքենայի երկու արգելափակված ուղևորի դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Աշխատանքների ժամանակ վնասվել է մեկ փրկարար ծառայող։