ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերի և Բրիս Ռոկֆեյի բարձր դիվանագիտական ակտիվությունը փաստացի կաթվածահար է արել 3 համանախագահի երբեմնի համակարգված աշխատանքը, որոնք հրաժարվել են այդ կազմակերպության շրջանակում Ռուսաստանի հետ փոխգործակցությունից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արձանագրել ենք Բրյուսելի կողմից բարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների առարկան առանց ամաչելու յուրացնելու անհաշտ փորձերը և անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած օրակարգը»,- ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերը Ռուսաստանը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմք:
«Մենք այս կամ այն կերպ մնում ենք նախկինում գոյություն ունեցած ձևաչափերի մեջ, բայց տեսնում ենք, որ աշխատանքը մի կերպ է առաջ գնում»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք իրական արդյունք են տալիս, և որը զգում են խաղաղ քաղաքացիները, տնտեսական օպերատորները, պետությունները և ամբողջ տարածաշրջանը: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ կան շատ «քնած ձևաչափեր», որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ակտիվացնել:
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները ակտիվորեն հանդիպումներ են անցկացնում Երևանում և Բաքվում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել ՌԴ-ի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում:
Ընդ որում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողներին ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Ռուսաստանի հայտարարությունը համաձայնեցված չի եղել բոլոր կողմերի հետ և չի արտացոլում ԱՄՆ մոտեցումը: Նրա խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը բարդացել է, սակայն այդ ձևաչափով կարգավորումը հնարավոր է: