ՌԱԴԻՈ

Որքանով են անվտանգ ավտոմեքենաների գազաբալոնները Հայաստանում. ստուգումներ են սկսվում

Հայաստանում մարտից 12 ընկերություններ ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների շահագործման պիտանելիությունը ստուգելու լիցենզիա են ստացել։ Օգոստոսի 1-ից բալոնների ստուգումը պարտադիր է լինելու։
Sputnik
Վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին շատ վարորդներ են դիմել` իրենց մեքենաների գազաբալոնները փորձարկելու նպատակով, և ոմանց մոտ դրանք շահագործման առումով եղել են ժամկետանց, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Գազմաստեր» ընկերության ղեկավար Արկադի Սարգսյանը։
«Գազմաստերը» Հայաստանում գրանցված 12 ընկերություններից մեկն է, որն զբաղվում է գազաբալոնների փորձարկմամբ, տեղադրմամբ, սպասարկմամբ և տրամադրում է համապատասխան վկայական։
«Մեր ժողովրդի մեջ կա մտայնություն, որ եթե գործարանային գազաբալոն է, ուրեմն 15 տարի կարելի է ոչինչ չձեռնարկել, մինչդեռ գազաբալոնների շահագործման վերաբերյալ կառավարության որոշման ընդունումից հետո շատերը լսելով այդ մասին` սկսեցին հաճախել համապատասխան ընկերություններ, որտեղ մասնագետները նշում են գազաբալոնները երկու կամ երեք տարին մեկ անգամ պարտադիր ստուգելու անհրաժեշտության մասին»,– նշեց «Գազմաստեր» ընկերության ղեկավարը։
Սարգսյանի խոսքով` նշված ժամանակահատվածում պարտադիր ստուգման ենթակա են և՛ հեղուկ գազով, և՛ օդ (մեթան) գազով լիցքավորվող բալոնները։
«Պատահում է, որ վարորդներն օգտագործում են թթվածնի բալոն կամ ոչ բարձր ճնշման տակ աշխատող բալոններ։ Նրանք պատասխանատվությամբ չեն մոտենում գազաբալոնների անվտանգության խնդրին։ Լավ է, որ մի քանի տարի առաջ որոշում կայացվեց, որ գազալցակայաններում չլիցքավորեն ոչ գործարանային գազաբալոններով մեքենաները, բայց հեռավոր գյուղերում, այնուամենայնիվ, դեռ շահագործվում են նման մեքենաներ»,– ասաց Սարգսյանը։
Նրա կարծիքով` տարբեր գազալցականներում իրականացվում է ոչ թե միատեսակ, այլ տարբեր ճնշաչափի գազալիցքավորում, ինչը նույնպես վտանգավոր է, որովհետև գազաբալոնների աշխատանքային օգտագործման ճնշումը պետք է լինի 200 մթնոլորտ։ Ըստ նրա` եթե գազաբալոնը մոտ 20 անգամ 280 մթնոլորտ ճնշման տակ լիցքավորեն, նրա պիտանելիության ժամկետը կկրճատվի, կառաջանան թերություններ, որոնք նույնիսկ ողբերգական հետևանքների կարող են հանգեցնել։
Նշենք, որ ՀՀ կառավարության ապրիլի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ներդրվում է գազաբալոնների անվտանգ շահագործման համակարգ, որի դեպքում էլեկտրոնային շտեմարանները թույլ կտան ճանապարհային ոստիկաններին առանց մեքենան կանգնեցնելու ստուգել համապատասխան լիցենզիայի առկայությունը։ Ավտոմատ համակարգը չի թույլատրի, որպեսզի մեքենան լիցքավորվի, եթե գազաբալոնի շահագործման վկայական չկա։