Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում

Սպասվում է շուրջ 2 500 մասնակից՝ 70 երկրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. 2023 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի ապրիլի 27-ի նիստում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, որն այսօր կայացած համաժողովում վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ասում է՝ նմանօրինակ լայնածավալ միջոցառման անցկացման իրավունքը մեծ պատիվ է.

«Աշխարհի առաջնության անցկացումն իսկապես տոն պետք է լինի մեզ համար: Հայաստանում նմանօրինակ մասշտաբի մրցաշար մեր մարզաձևից դեռևս չի կայացել: Թիմային չարչարանքի և լրջագույն աշխատանքի շնորհիվ մենք այսօր արժանացանք այս պատվին: Ամեն ինչ պետք է անենք՝ առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար»,- ասել է նա:
Երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սպասվում է շուրջ 2 500 մասնակից 70 երկրից։
Ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նաև սամբոյի վետերանների աշխարհի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ, բայց միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամները որոշել են այն հետաձգել և անցկացնել հաջորդ տարի՝ դարձյալ Երևանում: