ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ռուս գործարարների ունեցվածքի առգրավման նախաձեռնությունը Կոնգրես է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես կոնգրես եմ ուղարկել համապարփակ փաստաթուղթ, որը լրացուցիչ աջակցություն է ռուս օլիգարխների ունեցվածքի առգրավմանն ուղղված մեր ջանքերին։ Որպեսզի մենք վստահ լինենք, որ կվերցնենք կուտակվածը։ Մենք դա կվերցնենք, կձերբակալենք զբոսանավերն ու շքեղ տները»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը։
Ընդ որում, Բայդենը, որը բազմիցս խոստովանել է, որ երիտասարդ ժամանակ ստիպված է եղել պայքարել կակազելու դեմ, միանգամից չի կարողացել հաղթահարել «ավազակապետություն» բառը։
«Դրանք վատ տղերքն են»,- որոշակի դադարից հետո պարզաբանել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ օրինագիծն իրավապահ մարմիններին լիազորություններ կտա արագացված ընթացակարգով առգրավել ռուսաստանցիների ունեցվածքը, իսկ վաճառված ակտիվներն ուղղել Ուկրաինային օգնելուն:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։