ՌԴ դերը կարգավիճակի հարցում Երևանի և Բաքվի դիրքորոշումների համաձայնեցումն է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Աջակցելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում, ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիշեցնեմ, որ դրանք պատրաստվել են Բաքվում և ստացել կառուցողական պատասխան Երևանից: Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների համաձայնեցման համար: Բաքվի և Երևանի միջև առկա են հիմնարար տարաձայնություններ կարգավիճակի հարցում: Մենք մեր դերը տեսնում ենք Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցման հարցում աջակցելու մեջ»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում չափազանց կարևոր է հավատարիմ մնալ եռակողմ պայմանավորվածությունների տառին և ոգուն։
«Այնտեղ ամեն ինչ գրված է, այդ թվում՝ վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Նույնքան կարևոր է ձեռնպահ մնալ առճակատման հռետորաբանությունից և բոլոր հարցերը լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին երկու հանդիպումները կազմակերպվեցին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Առաջին հանդիպումը կայացավ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, երկրորդը` այս տարվա ապրիլի 6-ին, երկուսն էլ` Բրյուսելում։
Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ ԱԳՆ-ն Արցախի կարգավիճակի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում
Վերջին բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ սահմանագծման և սահմանազատման երկկողմ հանձնաժողով ստեղծել։ Խոսքն աշխատանքային խմբի մասին է, որը պետք է սկիզբ դնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցություններին։