ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ Գրիգորյանն ընդունել է իրանցի նախարարի գլխավորած պատվիրակությանը:
Կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները:
Գրիգորյանը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ համագործակցության խորացման հնարավորություններին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում երկու երկրների համագործակցության առկա ներուժի շուրջ:
Հիշեցնենք, որ հունվարին փոխվարչապետն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Անդրադարձ էր կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարին: