ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը հանրության ուշադրությանն են ներկայացվում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային 12 քանդակները։ Տեղեկությունը հայտնում է Կենտրոն հեռուստաալիքը։
Ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը քաղաքացիները կարող են 1008 կարճ համարին հաղորդագրություն ուղարկել՝ հօգուտ նախընտրած քանդակի, նշելով քանդակի համարը։
Վերջնական արդյունքները կամփոփվեն հանրության քվեարկության և հանձնախմբի որոշումների համադրմամբ:
Հիշեցնենք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին տեղեկացրել է հունվարի 14-ին և ընդգծել, որ նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ, միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորում է Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում է, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։