ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Երգիծաբան Մաքսիմ Գալկինին ազատել են ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Այսօր երեկոյան» («Сегодня вечером») շոուի հաղորդավարի պաշտոնից։ Հաղորդումը եթեր կվերադառնա մայիսյան տոներից հետո, բայց արդեն՝ նոր հաղորդավարով, որի անունը գաղտնի է պահվում։ Այս մասին գրում է StarHit-ը` հղում անելով սեփական աղբյուրներին։
«Մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում` Ալեքսանդր Օլեշկո, Նոնա Գրիշաևա, Դմիտրի Բորիսով։ Գուցե վերադառնա երկու կամ մի քանի հաղորդավարով ձևաչափը»,- գրում է ԶԼՄ-ն։
Առաջին ալիքի մամուլի ծառայությունում նոր հաղորդավարի անունը չեն բացահայտել և առաջարկել են հետևել հաղորդման եթերներին։
Մաքսիմ Գալկինը կնոջ` Ալլա Պուգաչովայի և երկվորյակ երեխաների հետ մարտ ամսվա սկզբին Իսրայել էր մեկնել։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, շուտով նա հյուրախաղային շրջագայություն կունենա Իսրայելում։