ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կայացած հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների կազմակերպումը (այդ թվում՝ Մարիուպոլից), ինչպես նաև աշխարհում պարենային անվտանգության սպառնալիքը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան։
«Առարկայորեն քննարկվել են ՄԱԿ-ի հնարավորությունները մարդասիրական միջանցքների կազմակերպման հարցում, առաջին հերթին՝ Մարիուպոլից։ Եվ մենք հույս ունենք, որ նաև գլխավոր քարտուղարի անձնական մասնակցության շնորհիվ ամեն ինչ կավարտվի։ Պարենային անվտանգությունը նույնպես առանցքային հարցերից էր, քանի որ, եթե Ուկրաինայից համապատասխան արտադրանքի մատակարարումները դադարեն, աշխարհին իսկապես սով ու քաղաքական ապակայունացում է սպառնում»,- ասել է Սիբիգան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 64-րդ օրը։