ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման իրազեկման երթը։ Տերունական աղոթք հնչեց, որից հետո երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրում։
Երթին մասնակցում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը, «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
«Անցնող 4 օրվա ընթացքում Հայաստանի 4 վայրերից արդեն իրազեկման երթեր եղել են, և 4-ն էլ խորհրդանշական են` Իջևանից, Տիգրանաշենից` Երասխի բարձունքների մոտից, ինչպես նաև Ապարանից։ Հիմա մենք մեկնարկում ենք մեր հերթական երթը Սարդարապատից, որտեղ 104 տարի առաջ տեղի ունեցավ հայության կենաց-մահու կռիվը։ Սարդարապատում ամենահերոսական պայքարը մղել են Բեկ-Փիրումյանները` Ղարաբաղի 5-րդ մահապարտ գունդը, իսկ այսօր հերթը մերն է` Սարդարապատից` հանուն Արցախի»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով` երթը շարունակվելու է Արմավիրով, լինելու են Էջմիածնում, որը 1918 թվականին չլքեց կաթողիկոսը, ու ամբողջ Արարատյան դաշտում հնչեցին եկեղեցու զանգերը` իբրև կոչնակ։ Այսօր էլ նրանք հնչեցրին Սարդարապատի հուշահամալիրի զանգերը, որը միասնականություն է խորհրդանշում։ Էջմիածնում երթի մասնակիցները մտնելու են բոլոր եկեղեցիներ։
«Ինչպես այն օրերին, երբ չկար ելք ու ճար, խենթերն են գտել հնար, մենք այսօր երգում ենք «Սարդարապատն» ու մեկնարկում մեր երթը»,- ասաց Մանուկյանը։