Կառավարությունը 7 միլիարդ դրամ է հատկացնում ՊՆ-ին

ՊՆ
ՀՀ կառավարությունը ՊՆ-ին հավելյալ գումար էր հատկացրել նաև երկու ամիս առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 7 մլրդ դրամ կուղղվի ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավմանը։
Որոշումն առանց քննարկման ու զեկուցման ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
Գործադիր մարմնի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի համաձայն` միջոցառումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով, որի համար այս պահին նման գումար նախատեսված չէ։

«ՀՀ պաշտպանության նախարարությանը ոչ ֆինանսական ակտիվների գծով անհրաժեշտություն է առաջացել «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «31001. ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում 2021թ-ի պետական բյուջեով չնախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածին ուղղել 7 մլրդ դրամ»,- ասված է կառավարության հաստատած նախագծում։

Որոշման նախագիծը հեղինակել և կառավարության հաստատմանն է ներկայացրել պաշտպանության նախարարությունը։
Հավելենք, որ կառավարությունը ՊՆ-ին նաև փետրվարի 10-ին էր գումար հատկացրել շենք-շինությունների վերանորոգման համար։ Այդ անգամ 10 մլն դրամ էր հատկացվել։