ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ապրիլի 30-ին համապետական շաբաթօրյակ կլինի։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կորոնավիրուսով պայմանավորված` 2020-21 թվականներին համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել, սակայն այս տարի այն կանցկացվի։ Մի խնդիր կարող է լինել` եղանակային պայմանների հետ կապված, սակայն այն վայրերում, որտեղ եղանակային պայմանները թույլ չեն տա տարածքը մաքրել, կարող են հաջորդ շաբաթ դա անել»,- ասաց Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ շաբաթօրյակը շատ լավ վերնագիր է, սակայն դրա հետ կապված որոշակի բացասական ասոցացիաներ ունի։
«Հաճախ տեսախցիկների առաջ աղբն իքս վայրից հավաքում և իգրեկ վայր ենք տեղափոխում։ Եվ սա չափազանցություն չէ, քանի որ մենք աղբավայրերի և կոշտ թափոնների խնդիր ունենք։ Ավելի լավ է՝ շաբաթօրյակ չանենք, այլ կենտրոնանանք աղբավայրերի ներդրման վրա»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց` աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր, այլ ոչ թե մեկ այլ վայրում կուտակվի, ու շեշտեց՝ սա կարող են համարել խիստ հանձնարարական։