ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Գյումրիում մայիսի 10-ին տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզից մինչև Սյունիք միջնակարգ դպրոցների աշակերտների միջև ֆուտբոլի մեծ մրցաշարի նախապատրաստման փորձնական մրցումը Ռոման Բերեզովսկու մրցանակի համար: Տեղեկությունն այսօր կազմկոմիտեի նիստում հայտնել են մրցաշարի կազմակերպիչները՝ նամակով դիմելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Միջոցառման նախաձեռնողը Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունն է ու ռուս հայրենակիցների «Բարության ուղի» հասարակական կազմակերպությունը՝ հայտնի դարպասապահ, 20 տարի Հայաստանի հավաքականի դարպասները պաշտպանած Ռոման Բերեզովսկու եղբոր՝ Ալեքսանդր Բերեզովսկու գլխավորությամբ: Միջոցառումը տեղի կունենա Sputnik Արմենիա գործակալության տեղեկատվական աջակցությամբ։
Մայիսի 10-ին կայանալիք փորձնական մրցաշարին կմասնակցեն Շիրակի ու Լոռու մարզերի դպրոցների աշակերտները:
Ալեքսանդր Բերեզովսկու խոսքով՝ այսօրվա պայմաններում բակային ֆուտբոլի միջոցառումը երիտասարդության շրջանում գործիք է, որը կարող է համախմբել դեռահասներին և կոփել նրանց բնավորությունը:
«Ֆուտբոլը՝ բակային ֆուտբոլը, մինի կամ մեծ դաշտում ֆուտբոլը, միավորում է մարդկանց, դրա միջոցով ընկերություն է առաջանում ու հետագա հարաբերություններ են հաստատվում»,- ասել է նա:
Ավելացնենք, որ Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտների համար ֆուտբոլի մեծ մրցաշարը Ռոման Բերեզովսկու մրցանակի համար նախատեսված է 2023 թվականի մայիսին: