ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում խոսել է Թուրքիայի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների միջև սերտ համագործակցության անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի միջնորդությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազատազրկված քաղաքացիների փոխանակման հարցում ոչ միայն վկայում է այն կարևորության մասին, որ Անկարան տալիս է խաղաղությանը, երկխոսության ու համագործակցության հաստատմանը, այլև այն մասին, որ նա կարևորում է միջնորդական առաքելությունը»,- ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Նախագահ Էրդողանը՝ մատնանշելով Ազգային հետախուզական կազմակերպության դերը, ասել է նաև, որ անհրաժեշտ է շարունակել համակարգումը և սերտ երկխոսությունը հետախուզական ստորաբաժանումների միջև։
Նա հայտարարել է, որ դա կնպաստի տարածաշրջանում մարդկային ողբերգությունների կանխմանն ու կայունության հաստատմանը։