ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը 108 000-125 000 դրամի փոխարեն 200 000 դրամ կլինի։ Այս որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում։
«Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները 30-50% հավելավճար էլ կստանան, այսինքն` տեսականորեն ուսուցիչը մինչև 400 000 դրամ աշխատավարձ կարող է ստանալ»,- ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով` ուսուցչի աշխատավարձը 50%-ով կարող է բարձրանալ նաև տարակարգի միջոցով։ Նախարարը նշեց` այս ամենի նպատակը որակյալ ուսուցչական կազմ ունենալն է, սակայն միայն այս ձևով չէ, որ փորձում են խրախուսել որակը։
Դումանյանը հայտնեց, որ նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները վերապատրաստվելու հնարավորություն ունեին ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված տարբեր կազմակերպություններում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ցանկացած թերություն` անվտանգությունից մինչև դիվանագիտության ոլորտ, եթե որևէ բաց կա, ապա կրթության ոլորտից է եկել։
Նրա խոսքով` 2019-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն, իսկ ուսուցիչների թիվը նվազել է։
«Նույնը տեղի է ունեցել նաև զինված ուժերում։ Որտեղ մենք ոտքի կանգնած կենաց ենք խմում, այդպես է լինում։ Ռազմական կրթության ոլորտում էլ փոփոխություններ պետք է լինեն»,- ասաց Փաշինյանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ուսուցիչների ցածր աշխատավարձը խոչընդոտում է նոր ուսուցիչների՝ համակարգ մուտք գործելուն: Դրույքաչափի փոփոխությունը կկիրառվի այս տարվա մայիսից և կգործի նաև 2021 թվականին ատեստավորված և հավելավճար ստացող ուսուցիչների համար։
2021 թվականին կամավոր ատեստավորմանը դիմած 1 372 դասավանդողներից գործընթացին մասնակցել են «Հայոց լեզու», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչներ: Արդյունքում 50% հավելավճար է ստացել 166 ուսուցիչ, 40% հավելավճար` 153, իսկ 30%` 159 ուսուցիչ: