Արշակունյաց պողոտան փակած երիտասարդները «Զարթի՛ր, լաո» երգելով են բերման ենթարկվում

Ոստիկանները բերման են ենթարկում երիտասարդին։
Ընդդիմադիր երիտասարդները նստացույց էին արել` փակելով Արշակունյաց պողոտան, սակայն մեծաքանակ ոստիկանական ուժերը բերման ենթարկեցին բոլորին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ընդդիմադիր երիտասարդները քիչ առաջ փակել էին Երևանի Արշակունյաց պողոտան` նստելով գետնին։ Նրանք վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։
Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր կային, և երիտասարդներին անմիջապես սկսեցին բերման ենթարկել։
Այդ ընթացքում երիտասարդներից մեկը հայտնեց, որ չնայած ոստիկանները փողոցում անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների հանդեպ, սակայն բաժիններում բոլորովին այլ իրավիճակ է` ամեն ինչ հանգիստ է անցնում։

«Երբ Նիկոլ Փաշինյանը պառկում էր գետնին, ինչո՞ւ բերման չէիք ենթարկում»,- հարցրեց մեկ ուրիշ երիտասարդ։

Հավելենք, որ երիտասարդները «Զարթի՛ր, լաո» երգելով էին բերման ենթարկվում։ Ոստիկաններին հաջողվեց բացել փողոցը, քանի որ ակցիայի բոլոր մասնակիցներին ոստիկանական մեքենաներ նստեցրին։
Բերման ենթարկվածների թվում է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդին` Արտյոմ Վանեցյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։
Երեկ մայրաքաղաքում առանձին ակցիաներ են իրականացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «5165» շարժումը։
Ապրիլի 28-ի առավոտյան էլ մի խումբ երիտասարդներ շարունակել են իրազեկման ակցիաները մայրաքաղաքի բուհերում։
Երևանում ակցիաներ անող ավելի քան 20 մարդ տարվել է ոստիկանություն