ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումն ու գազալցակայանների աշխատանքը դեռ չեն վերականգնվել։ Տեղեկությունը հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
Երեկ ընկերությունը հայտնել էր, որ Ստեփանակերտի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Նշվում էր, որ այն կվերականգնվի այսօր` ապրիլի 28-ին, ժամը 18:00-ի սահմաններում։
«Ընկերության մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
Հիշեցնենք` Արցախի Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8-ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խանգարում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16-ին սկսեց վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվեցին։
Մարտի 19-ին բնական գազի մատակարարումը վերականգնվեց։
Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվեց գազամատակարարումը։
Մարտի 24-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։
Գազամատակարարումը վերականգնվեց մարտի 28-ին։