ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հայաստանցի գործարարների հետ այցելել է Հնդկաստանի Մումբայ քաղաք։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մումբայում Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։
Նույն օրը նախարարը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ, որտեղով անցնում է երկրի ծովային բեռնափոխադրումների ավելի քան կեսը։
Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել Մումբայի նավահանգստում և հյուրընկալվել նավահանգստի օպերատոր-կառավարիչ PSA Mumbai ընկերության կենտրոնակայանում, որտեղ կայացած շնորհանդեսին ներկայացվել է նավահանգստի պատմությունը, աշխատանքի մանրամասները, տարբեր ուղղություններով բեռնափոխադրումների հնարավորությունները, աշխարհի տարբեր կենտրոնների հետ կապերը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Մումբայ քաղաք։ (27 ապրիլի, 2022թ). Հնդկաստան
© Photo : official site of MFA of RA
Շնորհանդեսի ընթացքում կայացած քննարկմանը մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։
Նույն օրը Մումբայում տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B):
Հնդկաստանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել է նաև հայ գործարարների հանդիպումը հնդկական խոշորագույն Tata Group տրանսնացիոնալ կոնգլոմերատի մաս կազմող IHCL ընկերության փոխնախագահի հետ։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը ապրիլի 25-27-ը ներառյալ գտնվում էր Հնդկաստանում։