Ընդդիմությունը աղբամանը նետեց Փաշինյանի գիրքը և վառեց Սորոսի դեմքով պաստառը

Բողոքի ակցիա Երևանում
Շարժումն իր ակցիան իրականացնում է «Ո՛չ այլասերմանը» կարգախոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. «Ազատագրական շարժման» անդամները Հանրապետության հրապարակում աղբամանը գցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը։
Ակցիայի մասնակիցները իրենց հետ նաև ամերիկացի բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի դեմքով պաստառ էին բերել, որը վառեցին։
«Մենք նման մի պաստառ վառել ենք ԱԳՆ–ի շենքի մոտ մինչև 2020 թվականի պատերազմը: Մյուսն էլ ծրագրել էինք մեր հաջորդ ակցիայի ժամանակ վառել, սակայն պատերազմը սկսվեց ու չհասցրինք։ Հիմա արդեն երկրորդը վառելու ժամանակն է, որպեսզի մեր երկրի վրա կախված այս անեծքը վերանա, ու հաղթական ընթացք ունենանք»,– նշեց շարժման անդամ Վահագն Չախալյանը։
Շարժումն իր ակցիան իրականացնում է «Ո՛չ այլասերմանը» կարգախոսով։ Շարժման անդամները, որոնք Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են մեկնարկել ավելի քան 1 ամիս առաջ, այժմ էլ շարունակում են այն։
Ընդդիմությունը այսօր զուգահեռ երկու ակցիա է իրականացնում` հավաք Հանրապետության հրապարակում և երթ Գարեգին Նժդեհի հրապարակից։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։
Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։
Ցուցարարներ են բերման ենթարկվել նաև Ազատության հրապարակից։