Ընդդիմության ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունների իրավաչափության սահմանը հստակ է․ նրանք պետք է պահեն և պահպանեն հասարակական կարգը, լինեն հրապարակներում, եթե այնտեղ միջոցառումներ են տեղի ունենում և որևէ կերպ չխոչընդոտեն այդ միջոցառումներին։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Նա շեշտեց՝ օրենքի որևէ կետով ոստիկանին չի թույլատրվում հարվածել ու վնասել քաղաքացու սեփականությունը, օրինակ՝ մեքենան, ինչպես դա արել են այսօր։
Ապրիլի 25-ից Հայաստանում ընդդիմությունը երկրի ամբողջ տարածքում զանգվածային բողոքի ակցիաներ, ցույցեր ու երթեր է սկսել։ Ակցիաների ընթացքում ոստիկանությունը ցուցարարներին բերման է ենթարկում, լինում են նաև ուժ կիրառելու դեպքեր։ Այս պարագայում հասարակության մեջ նորից բարձրանում է հարցը՝ ինչքանով են իրավաչափ ոստիկանների գործողությունները, արդյոք նրանք կատարում են իրենց տրված բոլոր հրամանները։
Իրավապաշտպան Հարությունյանի դիտարկմամբ՝ ուժային կառույցների աշխատակիցը չի կարող իրեն տրված ցանկացած հրաման առանց քննարկելու կատարել, ըստ օրենքի` նրանք հրամանը պետք է կատարեն, եթե դա չի հակասում օրենքով իրենց համար նախատեսված պարտավորություններին։
«Չի կարելի ոստիկանին տալ հրաման` ենթադրենք` գնալ ու թալանել հարևանի տունը։ Գոյություն ունի կանոնակարգ, օրենք՝ ինչ գործողություններ պետք է կատարի ոստիկանը։ Չի կարող իշխանավորի կամայական կամքը լինել դոմինանտ, օրենքն է թելադրողը»,- բացատրեց Հարությունյանը։
Իրավապաշտպանը վստահ է՝ ոստիկանությունը՝ որպես ուժային կառույց, անկախության տարիներից ի վեր չի փոխվել, շարունակել է մնալ «սովետական միլիցիա»։
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի ուժային կառույցների անունները փոխեցին, բայց աշխատակիցներն, ըստ Հարությունյանի, միջին կամ նույնիսկ միջինից բարձր օղակներում մնացին նույնը։ Իսկ այսօր ՀՀ քաղաքացիները տեսնում են մի կառույց, որը ջանք չի խնայում օրենքին ու իր կոչմանը ծառայելու փոխարեն օրվա իշխանությանը ծառայելու։
«Պատճառն այն է, որ մեր բոլոր իշխանությունները ոստիկանությունը դիտարկել են որպես մահակ` ուղղված ընդդիմության դեմ, գործիք՝ իրենց իշխանությունը պահելու համար։ 2018-ին եկած իշխանությունները նույնպես ոստիկանությանը և մյուս ուժային կառույցները դիտարկում են որպես իրենց հենարան, այլ ոչ որպես պետության ամրացման, պետությանը ծառայող համակարգեր»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Երևանի տարբեր հատվածներում բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնելու համար, ընդհանուր առմամբ, ոստիկանության տարբեր բաժանմունքներում է գտնվում շուրջ 52 քաղաքացի։