Ստեփանակերտի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Ստեփանակերտ
Տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում «Արցախգազը» հավելյալ կտեղեկացնի բնակիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։

«Գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը, դադարեցվել են Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով։ Նախնական հաշվարկների համաձայն՝ գազամատակարարումը կվերականգնվի վաղը՝ ապրիլի 28-ին, ժամը 18:00-ի սահմաններում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Չնախատեսված խնդիրների կամ տեխնիկական աշխատանքների հնարավոր երկարաձգման դեպքում հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։
Հիշեցնենք` Արցախի Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8-ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խանգարում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16-ին սկսեց վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվեցին։
Մարտի 19-ին բնական գազի մատակարարումը վերականգնվեց։
Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվեց գազամատակարարումը։
Մարտի 24-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել։
Գազամատակարարումը վերականգնվեց մարտի 28-ին։