ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ակցիայի ժամանակ ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկել։
Իրավիճակը մի պահ բավականին լարված էր, հրմշտոց սկսվեց ընդդիմադիրների և ոստիկանների միջև։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հորդորեց իր աջակիցներին մի կողմ քաշվել, որից հետո իրավիճակը հանդարտվեց։ Վանեցյանը լրագրողներին հայտնեց` անհասկանալի իրավիճակ էր, և 5 անձի են բերման ենթարկել։
«Բոլորի նյարդերը լարված են ու անհասականալի էր` ինչ կատարվեց, ոստիկանությունն էլ անհամաչափ ուժ կիրառեց։ Իշխանությունները հասկանում են, որ ժողովրդական շարժումը թափ է առնում և չեն կարողանում կանգնեցնել այն, ուստի փորձում են մարդկանց վախեցնել»,–ասաց Վանեցյանը։
Նա ոստիկաններին հորդորեց իրենց լիազորությունների շրջանակում գործել։
Հիշեցնենք` ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։
Ապրիլի 18-ին Վանեցյանին միացան 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Իսկ «5165» շարժման անդամները ապրիլի 19-ին Ազատության հրապարակից երթ անցկացրին` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նույն օրը երեկոյան Վանեցյանի գլխավորությամբ իրազեկման քայլերթ անցկացվեց։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։