Փաշինյանը մտադիր է ՀՀ-ի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել. ԶԼՄ

Թերթը գրում է` Նիկոլ Փաշինյանը փորձում է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել Երևանում, հավանաբար՝ ուրբաթ օրը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նիստի նպատակն Արցախի մասին նախկին հայտարարությունները խմբագրելն է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին, և որ Արցախի ճակատագիրը որոշելու են արցախցիները։

«Մեր աղբյուրն ասաց, որ սա ամենևին չի նշանակում, թե Փաշինյանը հետ է կանգնել իր ծրագրերից՝ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Այլ սրանով փորձում է Արցախի և Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը, հերթական անգամ խաբել հանրությանն ու ժամանակ շահել՝ հանգցնելով պայքարի կրակը»,- գրում է թերթը։

Թերթը հավելում է, թե Արցախում տարակուսած են՝ եթե Արայիկ Հարությունյանի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա ինչպե՞ս են նիստին մասնակցելու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ԱԽ անդամները:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ–ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։