Միհրան Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել

Միհրան Պողոսյան
ԴԱՀԿ նախկին պետին ու նրա ընտանիքի անդամներին ծանուցագիր է ուղարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, նրա կնոջ` Կարինե Պողոսյանի և դստեր` Լիա Պողոսյանի գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել։ Azdarar.am-ում հրապարակված տեղեկության համաձայն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ ծանուցում է ուղարկվել նրանց։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միհրան Պողոսյանին և նրա ընտանիքի անդամներին առաջարկվել է մայիսի 10-ին և 11-ին ներկայանալ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
2019 թվականի ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:
Մայիսի 28-ին նա ազատ էր արձակվել և ապրում էր Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում, ոտքին` էլեկտրոնային օղակ։
2019թ.-ի օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չի համարել:
Որքան գումար է պարտք Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը. «Ժողովուրդ»