ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Չճանաչված Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևը հայտարարել է, որ Կոլբասնա գյուղում պայթյունների հետևում կանգնած է Ուկրաինան։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
«Կոլբասնա գյուղի զինամթերքի պահեստի մոտ միջադեպեր են տեղի ունեցել, հետաքննության առաջին նախնական տվյալների համաձայն, դրանց իրականացնողների հետքերը տանում են դեպի Ուկրաինա»,- ասել է Իգնատևը։
Մերձդնեստրի քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել «ահաբեկչական հարձակում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից հրազենի կիրառմամբ» հոդվածով։
Հիշեցնենք, որ նախկինում երեք ահաբեկչություն էր տեղի ունեցել Մերձդնեստրում՝ Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության շենքում, Պարկանի գյուղի մոտ գտնվող զորամասի մոտ և Մայակ գյուղի մոտ գտնվող ռադիոհեռուստատեսային կենտրոնի աշտարակի վրա։ Հանրապետությունում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ է հայտարարվել։