«Խաղաղությանը կողմ ենք, բայց...». Արայիկ Հարությունյանը վերահաստատել է Արցախի դիրքորոշումը

Արցախի նախագահի խոսքով` արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ և անդրադարձել ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Հարությունյանն ընդգծել է, որ անկախ բոլոր տեսակի շահարկումներից՝ Արցախի իշխանությունների համար գերակա է մնում Արցախի ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումն ու պաշտպանությունը սեփական հայրենիքում:

«Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ ընտրել ենք խաղաղության օրակարգը: Սակայն, ինչպես նշել եմ անցած տարեվերջին իմ հայտարարության մեջ, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»,- ասել է Հարությունյանը։

Նա ավելացրել է, որ Արցախի իշխանություններն ամբողջությամբ հավատարիմ են մնում որդեգրած այն սկզբունքներին, որոնց հիման վրա անցած ավելի քան երեք տասնամյակներում պետականություն է կառուցվել: