Ի՞նչ փուլում է Ստեփանակերտը Գորիսի հետ կապող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, և ովքե՞ր են իրականացնում այդ աշխատանքը։ Այս հարցերի պատասխաններն ստանալու համար Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օրերս մեկնեց Արցախ՝ տեղում ծանոթանալու իրողությանը։
2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջին դեմքերի ստորագրած հայտարարության 6-րդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղի կառուցվի, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Փաստաթղթում նշված երեք տարվա ժամկետը լրանում է 2023թ․ նոյեմբերին, մինչդեռ Ադրբեջանը շտապում է՝ Արցախի Քաշաթաղի շրջանում կառուցելով Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ։ Ըստ ադրբեջանական նախագծի՝ ճանապարհը ՀՀ Սյունիքի մարզում սկսվելու է Կոռնիձոր գյուղից և անցնելով Արցախի Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածքով՝ Լիսագոր գյուղի մոտ միանալու է գործող ճանապարհին։ Այժմ ադրբեջանական կողմի ճանապարհաշինարարները աշխատանքներ են կատարում Արցախի Հին Շեն գյուղի հատվածում։
Հենց այնտեղ էլ հանդիպել ենք ինչպես ադրբեջանցի աշխատողների, այնպես էլ գյուղերի բնակիչների հետ։ Պարզվել է, որ հայկական կողմից որևէ պաշտոնյա չի վերահսկում աշխատանքները, Արցախի բնակիչներին չեն տեղեկացնում շինարարության մասին, իսկ Արցախի տարածքում չափագրման և նախագծային աշխատանքները իրականացնում են բացառապես ադրբեջանցի և թուրք մասնագետները։
Sputnik Արմենիայի սյունակագիրը եղել է նաև Քաշաթաղի այն հատվածում, որը վերահսկում են ադրբեջանցիները և հնարավորինս մոտենալով՝ նկարահանել Կոռնիձոր գյուղի մոտ կառուցվող կամուրջը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այն խաչմերուկի դեր է կատարելու հայկական և ադրբեջանական մեքենաների համար։ Կամրջի վրայով անցնելու է հայկական, իսկ տակով՝ ադրբեջանական երթևեկությունը։
Այս դեպքում ևս, ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի կողմից որևէ պաշտոնյա չի մասնակցում նախագծային և շինարարական աշխատանքներին։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեղեկության՝ իրենք նախատեսում են մինչև 2022-ի հուլիս ամիսը ավարտել աշխատանքները և ճանապարհը հանձնել շահագործման։