ՀՀԿ–ական երիտասարդները փակել են Մյասնիկյան ու Ազատության պողոտաները

Մյասնիկյան պողոտա
Ոստիկանները փորձում են հեռացնել փողոցը փակած երիտասարդներին, բայց նրանք չեն զիջում իրենց դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Այս պահին լարված իրավիճակ է Ազատության պողոտայում. ՀՀԿ–ի երիտթևի երիտասարդները երկու կողմից փակել են փողոցը և վանկարկում են. «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր կան, որոնք փորձում են բացել փողոցը։ Այնտեղ է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը փորձում է թույլ չտալ, որպեսզի բողոքի ակցիա անողներին բերման ենթարկեն։ Երիտասարդները նաև գունավոր ծխագլան են կիրառում։
ՀՀԿ–ական երիտասարդները փակել են նաև Մյասնիկյան պողոտան, երթևեկությունը կաթվածահար է եղել։ Այստեղ նույնպես ոստիկանները փորձում են երիտասարդներին հեռացնել ճանապարհից։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։