ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. ԵԱՏՄ շրջանակում «պատժամիջոցների ցանկի» ապրանքների ներմուծման փոխարինող արտադրություն է ստեղծվում։ Տեղեկությունն առցանց ճեպազրույցում հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Նրա խոսքով՝ նախատեսվում է տնտեսության գերակա ու բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի ու ներմուծման փոխարինման հանձնաժողով ստեղծել:
Մալկինան նշել է, որ ԵԱՏՄ-ում հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքացիական ավիացիայի ոլորտում կոոպերացիոն համագործակցությանը: Մասնավորապես՝ այդ թեման քննարկվել է Տաշքենդում «Իննոպրոմ․ Կենտրոնական Ասիա» միջազգային ցուցահանդեսի շրջանակում։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը հայտնել է, որ պատրաստվել է ավիացիոն բաղադրիչների ցանկ՝ ՄՍ-21 ինքնաթիռի ներմուծման փոխարինման ծրագրով»,- հայտնել է ԵՏՀ ներկայացուցիչը:
Ավիատիեզերական ոլորտում նախագծերից բացի, նաև միջպետական ծրագիր է իրականացվում բաշխված էներգետիկայի ու եվրասիական տեղեկատվական-հաշվողական ենթակառուցվածքի ստեղծման ոլորտում:
ԵՏՀ-ն ստեղծել է միջճյուղային միջազգային տվյալների բազա՝ միության մակարդակով ներմուծման փոխարինման համար։ Մալկինան նշել է, որ այն օգնում է հնարավոր գործընկերներ գտնել կոոպերացիոն շղթաների ձևավորման համար:
Նա նաև հայտնել է, որ այսօր Մոսկվայում ԵԱՏՄ պետությունների էներգետիկայի նախարարների հերթական հանդիպմանը կքննարկվեն գազի ընդհանուր շուկայի գործունեության կանոնները: