ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Թումանյան փողոցից` Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի մոտից, 7 երիտասարդ է ոստիկանություն բերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Վերջիններս ոստիկանություն են տարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։
Նշենք, որ երիտասարդներն իրազեկման ակցիա էին անում Բրյուսովի համալսարանի մոտ ու վանկարկում էին. «Պայքա՛ր»։ Այնուհետև նրանցից ոմանք նստեցին Թումանյան փողոցի ասֆալտին` փակելով ճանապարհը։ Ոստիկանները, սակայն, սկսեցին բերման ենթարկել տղաներին, իսկ աղջիկներին հեռացրին ճանապարհից։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։