Բաքվի խախտումների մասին ԱՀ ՄԻՊ-ի զեկույցը ՄԱԿ-ում ընդունվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

Զեկույցում մանրամասն, փաստերով ներկայացվել են Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական բանակի հանցագործությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին»։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Զեկույցը կազմվել է մարտ ամսին։ Այն հակիրճ անդրադառնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգությունների փաստերին։
Հասցեական արձագանք չկա Ադրբեջանի քայլերին. Արցախի ՄԻՊ–ը` ԵԱՀԿ գործող նախագահին
Ստեփանյանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի հանցավոր գործողությունների` մասնավորապես գնդակոծման փաստերը։ Ներկայացվել են նաև Ադրբեջանի մեղքով Արցախի գազամատակարարման խափանման մարդասիրական հետևանքները։
Մարտի 18-ին փաստաթուղթը ներկայացվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։