«Ազովստալից» մարդկանց տարհանելու պայմաններ ներկա պահին չկան․ Գուտերեշի գրասենյակ

Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտնել էր, որ քարտուղարին մոլորեցրել են, և որ Ռուսաստանի մարդասիրական միջանցքները գործում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից մարդկանց տարհանման համար այս պահին պայմաններ չկան, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այնտեղ ռազմական ակտիվություն է եղել, և մենք ուզում ենք համոզվել, որ այն դադարել է, որպեսզի կարողանանք մարդկանց դուրս բերել անվտանգ վայր։ Մենք այս պահին տեղում նման պայմաններ չունենք»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտնել էր, որ քարտուղարին մոլորեցրել են, և Ռուսաստանի մարդասիրական միջանցքները գործում են։ ՌԴ առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանի աջակցությամբ Մարիուպոլից ավելի քան 100 հազար մարդ է դուրս եկել, և նրանք կարող են գնալ ցանկացած ուղղությամբ։ Նույնը կարող են անել նաև քաղաքացիական անձիք, եթե «Ազովստալում» այդպիսիք կան։ «Նրանք կարող են դուրս գալ և վերջ»,- հայտարարել է Պուտինը։
Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ամբողջ քաղաքային տարածքը մաքրված է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից և «Ազով» գնդի նեոնացիստներից (որի գրոհայինների դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել): Ուկրաինական խմբավորման մնացորդները շրջափակվել են «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում։ Ուկրաինական կողմը հայտարարում է, որ կոմբինատի տարածքում նաև խաղաղ բնակիչներ կան։