«Ազովստալի» թեմայով պայմանավորվածություն չկա. Պեսկովը` ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին ներգրավելու մասին

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Պեսկովը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալ» գործարանից խաղաղ քաղաքացիների տարհանմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպմանը հստակ պայմանավորվածություն չի եղել այն մասին, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալից» խաղաղ քաղաքացիների տարհանմանը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պարոն Գուտերեշն իսկապես հնչեցրել է այդ թեման, որը հետագայում կքննարկվի, բայց այդ հարցում կոնկրետ պայմանավորվածություն չկա»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինը համաձայնել է ՄԱԿ-ին ու ԿԽՄԿ-ին ներգրավել «Ազովստալի» խաղաղ քաղաքացիների տարհանման գործում։

Ավելի վաղ հայտնել էինք` Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ պատրաստ է իր ռեսուրսները մոբիլիզացնել Մարիուպոլի իրադրությունը կայունացնելու համար: Ռուսաստանի առաջնորդն իր հերթին հավաստիացրել է, որ քաղաքում մարտական գործողություններ չեն ընթանում, իսկ «Ազովստալ» գործարանը լիովին մեկուսացված է:
Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալ» գործարանից խաղաղ քաղաքացիների տարհանմանը: