Ավիացիան խոցել է Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ․ ՌԴ պաշտպանության նախարարություն

ՌԴ ստորաբաժանումների կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում մեկ օրում ոչնչացվել է զինամթերքի երեք պահեստ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Օպերատիվ-մարտավարական ավիացիան և ՌԴ ԶՈւ ուղղաթիռները ոչնչացրել են Ուկրաինայի մի շարք ռազմական օբյեկտներ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում է կառավարման յոթ կետ, երկու զենիթային հրթիռային համալիր՝ մեկ Ս-300՝ Նիկոլաևկայի շրջանում և մեկ «Օսա ԱԿՄ»՝ Վելիկայա Կամիշևախա շրջանում, երկու ամրացված շրջան, ինչպես նաև կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 27 վայր»,-ասել Է գեներալը:
Նա հստակեցրել է, որ «ոչնչացվել է ավելի քան 210 ազգայնական և 43 միավոր զրահատեխնիկա և ավտոմեքենա»:
Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ստորաբաժանումների կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում մեկ օրում ոչնչացվել է զինամթերքի երեք պահեստ:
«Հրետանու ստորաբաժանումները օրվա ընթացքում կատարել են 309 կրակային առաջադրանք։ Խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 14 կառավարման կետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 292 շրջան, ինչպես նաև զինամթերքի երեք պահեստ՝ Խարկովի մարզի Չերվոնոյե և Իլյիչևկա շրջաններում»,-հայտարարել է նա:
Բացի այդ, ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները օրվա ընթացքում Խարկովի մարզում խոցել են ուկրաինական Մի-24 ուղղաթիռ և երկու անօդաչու թռչող սարք, իսկ Պեսկի-Ռադկովսկիե և Բորշչևկա բնակավայրերի շրջաններում ոչնչացվել է երկու ուկրաինական ԱԹՍ:
«Ընդամենը հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 141 ինքնաթիռ, 111 ուղղաթիռ, 609 անօդաչու թռչող սարք, 275 զենիթային հրթիռային համալիր»,-ասել է Կոնաշենկովը:
Նա հավելել է, որ ոչնչացվել է նաև 2616 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 297 կայանք, 1139 դաշտային հրանոթ ու ականանետ, ինչպես նաև 2426 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 63-րդ օրը։