ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում, կենսալաբորատորիաների մի ամբողջ ցանց է ծավալել և փաստացի նոր կենսաբանական զենք ստեղծել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ Ռուսաստանի հարավի անվտանգության հարցով խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ հարցը հատկապես արդիական է, քանի որ ԱՄՆ-ն իր կենսաբանական լաբորատորիաները ծավալել է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ. նման լաբորատորիաների մի մասը գտնվում է Ուկրաինայի տարածքում։
«Ռազմական հատուկ գործողության ընթացքում տվյալներ ենք ստացել, որ ԱՄՆ-ի ռազմական գիտնականներն այդ լաբորատորիաներում ստեղծել են վիրուսներ, բակտերիաներ և տոքսիններ, ըստ էության՝ նոր կենսաբանական զենք։ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ստեղծման ակտիվ փուլը սկսվել է 2014 թվականից՝ ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից հրահրված պետական հեղաշրջումից անմիջապես հետո, որի նպատակը մեզ համար թշնամական պետություն ձևավորելն էր», - ասել է Պատրուշևը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 63-րդ օրը։