ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. 2021թ-ին Հայաստանում իրականացված ներդրումների ծավալը 2020թ-ի ճգնաժամային տարվա համեմատ ավելացել է 742.4 մլն դոլարով` անցյալ տարվա 416.9 մլն-ի փոխարեն կազմելով 1 մլրդ 159.3 մլն դոլար։
Այս ցուցանիշները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` «Օտարերկրյա ներդրումները 2021 թվականի հունվար-դեկտեմբերին» ուսումնասիրության մեջ։
1 մլրդ 159.3 մլն դոլարից 435.8 միլիոնն օտարարեկրյա ներդրումներն են։
Հայաստանի օտարերկրյա ներդրողների ցանկում 2021-ին առաջին հորիզոնականում եղել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը, որը ՀՀ-ին տարբեր ծրագրերով տրամադրել է 143 մլն դոլար, երկրորդը Գերմանիան է (118.7 մլն դոլար), երրորդը` Ռուսաստանը (69 մլն դոլար), չորրորդ տեղում Իտալիան է (51 մլն դոլար), հինգերերոդը` Արգենտինան (30,8 մլն դոլար)։ Իրանը ՀՀ օտարերակրյա ներդրող երկրների շարքում 6-րդն է։ Այդ երկրից 2021թ-ին Հայաստան է եկել 29.4 մլն դոլար։ Իրանին հաջորդում է Լյուքսեմբուրգը (14 մլն դոլար) և Միացյալ Թագավորությունը (12.1 մլն դոլար)։
Օտար ներդրողների տասնյակը եզրափակում են ԱՄՆ-ն և Ճապոնիան` գրեթե հավասար գումարներով. Առաջինի սասնաբաժինը 3.8 մլն դոլար է, երկրորդինը` 3.5 մլն դոլար։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2021թ-ին Հայաստանից նաև կապիտալի արտահոսք է տեղի ունեցել։ ՀՀ-ից կապիտալ արտահանած երկրների շարքում առաջինը Կանադան է։ Այս երկիր է արտահանվել 42 մլն դոլար ընդհանուր գումար։ Նիդեռլանդները ՀՀ-ից 8.5 մլն դոլար է արտահանել, Ֆրանսիան` 2.1 մլն, Կուբան` 1. 1, Շվեյցարիան ու Վրաստանը` 0.5 մլն-ական դոլար, Չեխիան` 0.4մլն դոլար։
Նշենք նաև, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` օտարարեկրյա կապիտալի մեծագույն հատվածը` 277 մլն դոլարը, ներդրվել է գազի ու էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։ 104 մլն-ը ներդրվել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, 43.5 մլն-ը` կացության կազմակերպման, 21.5 մլն-ը` օդային տրանսպորտի, 18 մլն-ը` ցամաքային տրանսպորտի, 14.7 մլն-ը` շինարարության ոլորտներում։