ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Զոհված զինծառայողների հարազատները, որոնք բողոքի ակցիա են անում դատախազության դիմաց, ներկայացրին իրենց պահանջը։ Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ նրանք պահանջել են իրենց զոհված զավակներին տուժող ճանաչել հարուցված քրգործով, իսկ ծնողներին` տուժողների իրավահաջորդ։
«Խնդիրն այն է, որ նախաքննության մարմինը փորձելու է մեր նահատակների մահվան պատճառները վերագրել ադրբեջանական ագրեսիային և տուժող չճանաչել մեր նահատակներին։ Իսկ երբ տուժողի հարազատն իրավահաջորդ համարվի, նրանք կարող են որոշակի ազդեցություն ունենալ դատավարության նկատմամբ, դրա համար էլ նման պահանջով կդիմենք դատախազությանը»,– ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` բոլորը հասկանում են, որ դատախազությունը չի կարողանալու օբյեկտիվ լուծում տալ, և միակ ձևը հասարակական արդար ճնշումն է, որպեսզի իրավապահներն աշխատեն։
Զոհրաբյանը դատախազության ներկայացուցչին փոխանցեց ծնողների պահանջը։ Որոշ ժամանակ անց դատախազության մեկ այլ աշխատակից դուրս եկավ և հայտնեց` գլխավոր դատախազը կպատասխանի վաղը. պատասխանը կհրապարակվի դատախազության պաշտոնական էջում։
Նշենք, որ զոհվածների հարազատները շարունակում են մնալ դատախազության առջև։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանում հայտարարեց` տարածքներ հանձնելով՝ հնարավոր է, որ կարողանար հազարավոր կյանքեր փրկել, սակայն հրաժարվելով դա անել՝ մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց զոհվելու համար։
Վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի 18-ին դիմեցին ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:
Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումը հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։