Զոհված զինծառայողների ծնողները գլխավոր դատախազի հետ հանդիպում են պահանջում

Զոհվածների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, ուզում են, որ Արթուր Դավթյանն անձամբ պատասխանի իրենց հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և պահանջում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շենքից դուրս գա ու անձամբ պատասխանի իրենց հարցերին։
«Հանգիստ իջեք, ոչ ոք Ձեր նկատմամբ բռնություն գործադրելու մտադրություն չունի. եթե ուզենայինք, վաղուց կանեինք»,- ասաց մահացած զինծառայող Աբգար Նազարյանի հայրը` ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նազարյանը հավելեց, որ ցանկանում են դատախազին հանձնել բազմաթիվ ծնողների կողմից ստորագրված պահանջը` քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Հիշեցնենք` ապրիլի 13-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր 44-օրյա պատերազմում զոհվածների թիվն ու ասել, որ ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար, բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու դավաճանության վերաբերյալ։
Նա ասել էր, որ իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ, նշել, որ հնարավոր է` մեղավոր է դրանում, որովհետև2018-19թթ-ին մեր հանրության առաջ չի կանգնել ու չի հայտարարել, որ մեր բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։
Վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:
Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։