ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Զոհված զինվորների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև նրանց աջակցող քաղաքացիները, Ազատության հրապարակից երթով հասել են կառավարության շենքի մոտ՝ ամոթանք տալու վարչապետին։
Ակցիայի մասնակիցները զոհվածների լուսանկարներով շապիկներ են հագել, շատերն իրենց հետ բերել են հերոսների լուսանկարները։
Նրանց բարկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե տարածքները հանձնելով կարող էր հազարավոր կյանքեր փրկել, սակայն հրաժարվել է դա անել՝ մեղավոր է դարձել հազարավոր մարդկանց զոհվելու համար։
«Նիկո՛լ, մարդասպա՛ն»,- կառավարության շենքի մոտ վանկարկել են ծնողները։
Նշենք, որ վարչապետի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ապրիլի 18-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել և քննել Փաշինյանի հայտարարությունները:
Գլխավոր դատախազությունը ծնողների դիմումն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմի ընթացքում հնարավոր հանցագործությունների գործի հետ միավորվելու համար։