«Զարթի՛ր, լաո» երգի ներքո երթի մասնակիցները Հովքից շարժվեցին դեպի Դիլիջան

Երթին միացել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանը և նրանց միացած քաղաքացիները ապրիլի 25-ին մեկնարկած երթի երկրորդ օրը Հովքից ու ուղևորվեցին դեպի Դիլիջան։
Ասպրամ Կրպեյանը «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերով մարդկանց տեղեկացրեց իրենց օրվա պլանների մասին։ Այսօր նրանք պատրաստվում են քայլել մոտ 25-26 կմ։
Ճանապարհին երթի մասնակիցների շարքերը համալրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ինչպես նաև մի քանի տեղի բնակիչներ։
«Մեզ համար կարևոր է ցանկացած մասնակցություն։ Մենք շարունակում ենք քայլել հանուն հավերժական Հայաստանի։ Պետք է լինենք ազատ, անկախ, միացյալ»,- ասաց Կրպեյանը։
Կյուրեղյանն էլ նշեց, որ միացել է այս ակցիային ոչ որպես պատգամավոր, այլ որպես երեք երեխաների մայր։
«Դիմում եմ հայ կանանց, մայրերին, քույրերին, աղջիկներին` մենք իրավունք չունենք մեր մեծ ընտանիքի ճակատագիրը թողնելու այս թրքասեր, ոչ պետականամետ իշխանությանը։ Պետք է հեռացնենք նրանց»,- ասաց Կյուրեղյանը։
Նրանց ուղեկցող մեքենայից միացրած է «Զարթի՛ր, լաո» երգը, որի հնչյունների ներքո նրանք քայլում են, ինչպես նաև ձայնակցում։
Ճանապարհին տարբեր մեքենաներ ազդանշաններ են տալիս երթի մասնակիցներին և այդպիսով իրենց աջակցությունը հայտնում։
Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր է սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը մեկնարկը Տավուշում էր` Իջևան քաղաքից։
Միաժամանակ, Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը։ Մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում նրանք իրազեկման ակցիաներ են իրականացնում։
Նշենք, որ Ազատության հրապարակում իշխանությունների հրաժարականի պահանջով անժամկետ ակցիա է անցկացնում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։