«Վան քարտ» ՍՊԸ-ն գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս. ԿԲ

Օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:
Այս մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։
«Քանի որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ, կարևոր ենք համարում մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից «Վան քարտ» ՍՊԸ-ին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով»,-զգուշացնում է ԿԲ-ն։
Նշվում է նաև, որ այս գործունեության օրենսդրական հնարավոր խախտումների առկայությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։