Ուկրաինայի իրադրությունը ՆԱՏՕ-ի ընդլայնման արդյունք է. Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Լավրովն ասել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը տեղի է ունեցել Ռուսաստանին զսպելու համար, իսկ Ուկրաինան օգտագործվել է որպես հարթակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի իրադրությունը ՆԱՏՕ-ի անսահման ընդլայնման արդյունք է։ Նման կարծիք է հայտնել է Ռուսաստանի արտգործախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում:
«Մենք հիմնական ուշադրությունը դարձրել ենք եվրոպական մայրցամաքում տիրող իրավիճակին այն համատեքստում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում․ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում։ Իրավիճակն այնտեղ ո՛չ այսօր, ո՛չ էլ երեկ է ձևավորվել»,- ասել է Լավրովը։
Նախարարը նաև ընդգծել է, որ Մոսկվան երախտապարտ է գլխավոր քարտուղարին՝ Ուկրաինայի իրադրությունը միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների համատեքստում դիտարկելու համար:

«Մենք տեսնում ենք, ես այդ մասին մանրամասն խոսել եմ մեր գործընկեր ու բարեկամ Անտոնիո Գուտերեշի հետ, որ այս իրավիճակը զգալի չափով կուտակվել է, ու վճռական համատեքստում դա տեղի է ունեցել մեր ամերիկացի գործընկերների ու նրանց դաշնակիցների կողմից ՆԱՏՕ-ի անսահման ընդլայնման, միաբևեռ աշխարհի հաստատման ուղղությամբ ձեռնարկված քաղաքականության արդյունքում»,- ավելացրել է Լավրովը:

Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հրադադար հաստատելու համար։
«Մենք չափազանց շահագրգիռ ենք արդյունավետ երկխոսության ուղիներ գտնելու, հնարավորինս շուտ հրադադարի, խաղաղ լուծման համար պայմաններ ստեղծելու հարցում»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:
Նա ավելացրել է, որ ՄԱԿ-ում նաև ցանկանում են նվազագույնի հասցնել ընթացիկ ճգնաժամի բացասական հետևանքները աշխարհի տարբեր հատվածների համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։