Պուտինը համաձայնել է ԿԽՄԿ-ին ներգրավել «Ազովստալից» քաղաքացիական անձանց տարհանմանը․ ՄԱԿ

«Ազովստալ» գործարան
Հետագա քննարկումները կանցկացվեն ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ ՄԱԿ-ն ու ԿԽՄԿ-ն մասնակցեն «Ազովստալ» գործարանից խաղաղ քաղաքացիների տարհանմանը:
«Նախագահը սկզբունքորեն համաձայնել է ՄԱԿ-ի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությանը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանմանը»,-ասված է Դյուժարիկի մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով՝ հետագա քննարկումները կանցկացվեն ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև:
Ավելի վաղ հայտնել էինք` որ Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ պատրաստ է իր ռեսուրսները մոբիլիզացնել Մարիուպոլի իրադրությունը կայունացնելու համար: Ռուսաստանի առաջնորդն իր հերթին հավաստիացրել է, որ քաղաքում մարտական գործողություններ չեն ընթանում, իսկ «Ազովստալ» գործարանը լիովին մեկուսացված է:
Բացի այդ, Ռուսաստանը ԱԳՆ-ի խողովակներով հայտնել է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայում քաղաքացիական բնակչության տառապանքները թեթևացնելու ՄԱԿ-ի նախաձեռնությունները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 62-րդ օրը։