ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը երեկ և այսօր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում այցելել են բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին, տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնական էջից։
«ՄԻ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 24 անձանց հետ: Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք պնդել են, որ մինչ իրենց բերման ենթարկելը, ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ»,- գրված է հաղորդագրության մեջ։
Դրանից բացի արձանագրվել է, որ ապրիլի 25-ին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններն իրականացրել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողներ:
Օմբուդսմանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի խախտումներ: Ոստիկանության բաժնում գտնվողներն ազատ են արձակվել օրենքով սահմանված ժամկետում:
Նշվում է նաև, որ այցերի արդյունքները կամփոփվեն և պարզաբանումներ ներկայացնելու պահանջով գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ոստիկանություն:
Հիշեցնենք, որ ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային այսօր հայտնել էին, որ Երևանի տարբեր հատվածներում բողոքի և իրազեկման ակցիաներ իրականացնող անձանցից 10-ը բերման են ենթարկվել ոստիկանություն։